ՊԵԿ գլխավոր տեսուչը տարիներ շարունակ գումարներ է վերցրել տնտեսվարող սուբյեկտներից. (տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ–ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիմման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների եւ Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են ՊԵԿ–ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013–2019թթ. Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունները չարձանագրելու համար, որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ։ Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության։