«Համանախագահները չեն բացահայտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները». Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով, հաղորդում է interfax.az-ը:
«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Բոչարնիկովը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:
Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է անվտանգության պահպանման և մարդասիրական ոլորտի մասին:
«Համանախագահները շփումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու որոշում են կայացրել, որի մասին կհաղորդվի»,- ասել է դեսպանը: