Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրը
4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, իրավամբ, կարող է համարվել Սերժ Սարգսյանի ամենասխալ նշանակումներից մեկը։ Փոխելով սահմանադրությունը՝ իր պաշտոնավարման վերջում Սերժ Սարգսյանը դեռեւս անհասկանալի մոտիվացիայով (թեև կան որոշ չճշտված տարբերակներ), հանրության վզին փաթաթեց վաղուց լոնդոններում մոռացված, «Բրիտանիայի քաղաքացի» Արմեն Սարգսյանին։
Մեր երկրին որեւէ ծառայություն չմատուցած, միայն անձնական բիզնեսն առաջ տանող, մեղմ ասած, խոցելի լեգիտիմությամբ, որդիներին փայլուն կերպով բանակից ազատած Արմեն Սարգսյանը բացառապես Սերժ Սարգսյանի քմահաճույքով նշանակվեց Հայաստանի նախագահ։
Հիմա, երբ, ի պատասխան հհկ-ականների քննադատության, Արմեն Սարգսյանն ասում է, թե ես չեմ եկել այստեղ բոլորին ուրախացնելու համար, նա թույլ է տալիս առնվազն մեկ անճշտություն. չես եկել, այլ քեզ բերել են՝ Հին Հայաստանի բոլոր նորմերով։
Երբ Դիլիջանում Արմեն Սարգսյանը հայտարարում է, թե ինքը Նիկոլ Փաշինանի հետ ունի նորմալ աշխատանքային հարաբերություններ, իսկ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնում նրան, մի քաղցր, ոչ հեռավոր անցյալի դեժավյու է հիշեցնում։
Հիշո՞ւմ եք, երբ Սերժ Սարգսյանը հաճախորդացնում էր իր հերթական ընդդիմախոսներից որեւէ մեկին, վերջիններս սովորաբար հաջորդիվ գովաբանում էին Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս էլ մեծահոգաբար կամ մի երկու բառ էր ասում, կամ մեդալ տալիս։Օրինակներ՝ ինչքան ուզեք։
Վահե Գրիգորյանի առաջադրումից հետո Արմեն Սարգսյանը շեշտեց իր եւ Փաշինյանի լավ հարաբերությունները։ Իհարկե, պետք է լավ լինեն, այս կարճաժամկետ փուլում. քեզ «դատարկ դեմագոգ տեքստերի հեղինակ» ասող մարդուն, քեզ ոչ լեգիտիմ նախագահ համարող մարդուն Փաշինյանի ճնշմամբ առաջադրում ես ՍԴ թեկնածու՝ մի կողմ դնելով արժանապատվության եւ հրապարակային գործչի նորմերը, անում ես այն, ինչը քեզնից պահանջում են, դրանից հետո ինչո՞ւ պետք է հետդ վատ լինեն։ Մի կարճ փուլ, իհարկե։
Երբ Փաշինյանը մեծահոգաբար առաջարկում է ծափահարել քեզ, չկարծես, թե «մտքերի գագաթնաժողովի» համար է։ Ոչ, իր ասածները խելոք կատարելու։
Ինչքա՞ն կարելի է այս հասարակության վրա դատարկ տեսարաններ ու ելույթներ ծախել, արքայազն Չարլզ ու Վաչե Մանուկյան ծախել։ Ի դեպ, մի պահի, մտքերի գագաթնաժողովում, կարելի էր Վաչե Մանուկյանին հարցնել․ «Սեւան» հյուրանոցի տարածքում՝ քաղաքի ամենակենտրոնում, 20 տարուց ավել ինչո՞ւ մի բան չես կառուցում։
Սա կլիներ ամենալավ միտքը, թեկուզ՝ առանց գագաթնաժողով։ Ուղղակի մի բան կառուցել Հայաստանում։
Հ․ Գ․ Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀԿ-ի ուրացման գործընթացին, ապա այստեղ կա մի շատ նուրբ հարց։ Շրջանառող լեգենդի համաձայն, նախագահ նշանակվելու ժամանակ հենց ՀՀԿ-ի լավագույն իրավաբաններն են «լուծել» Արմեն Սարգսյանի քաղաքացիության եւ նրա որդիների՝ բանակից խուսափելու հարցերը։ Մի օր լուծել են, բայց մի օր կարող են «ապալուծել»։ Կամ նրանց փոխարեն կանեն ուրիշները։
Հակոբ Ասատրյան
Top-News.am