Հայաստանում կարող են բանկային ոսկի արտադրել. ԿԲ նախագահ
Մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի բանկային ոսկու արտադրության ձեռնարկություն։ Այս մասին հունիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք հիշեցրել են, որ Կենտրոնական բանկը մի քանի տարի առաջ վաճառել է ոսկու ողջ պաշարը, քանի որ արդյունավետ չի համարել այդկերպ ոսկու պաշարները պահելը։
Ի պատասխան՝ Ջավադյանն ասել է, որ ԿԲ-ն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ, «անգամ որոշվել է, թե որտեղ պետք է կառուցվի այդ ձեռնարկությունը, եւ արդեն պատրաստ է շինարարության նախագիծը։ Բայց այս պահին այդ ընկերությունը բյուրոկրատական գործընթացների մեջ է»,- պարզաբանել է Հայաստանի ԿԲ նախագահը։
Բացի այդ, Արթուր Ջավադյանի խոսքով՝ այդ ձեռնարկության կառուցումը կախված է նաեւ հանրապետության լեռնահանքային ճյուղի իրավիճակի զարգացումից։