Աստղագետները լուսանկարել են Երկրի կողքով անցած կրկնակի երկնաքարը
Եվրոպական հարավային աստղադիտարանի VLT աստղադիտակը մանրամասն լուսանկարներ է ստացել 1999 KW4 կրկնակի երկնաքարից, որը շաբաթ անցել է Երկրի կողքով՝ ոչ մեծ հեռավորությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ երկնային մարմնի առաջին լուսանկարները հրապարակվել են աստղադիտարանի կայքում:
«Այս լուսանկարները, ինչպես նաև այլ աստղադիտակներից ստացված տվյալները չափազանց կարևոր են ռազմավարության մշակման համար, որոնք կօգնեն մեզ խուսափել Երկրի հետ երկնաքարի բախումից: Վատագույն դեպքում մենք կկարողանանք կանխատեսել, թե ինչ հետևանքների կհանգեցնի այդ անկումը», - նշել է Չիլիում գործող Եվրոպական հարավային աստղադիտարանի մասնագետ Օլիվյե Էնոն:
Մի քանի տասնամյակ ողջ աշխարհի գիտնականները ակտիվորեն հետևում են մերձերկրային երկնաքարերին և յուրատեսակ տիեզերական «մարդահամար» են անցկացնում դրանց շրջանում՝ փորձելով հասկանալ, թե որքան են դրանք վտանգավոր մարդկության համար: