Ռուսական «Ձայն. Երեխաներ» նախագծում տեղի ունեցած սկանդալից հետո Ալսուի դեմ բողոք է ներկայացվել ՆԳՆ. Առաջին ալիքն արձագանքել է
«Ձայն. Երեխաներ» հայտնի հեռուստանախագծի ռուսական տարբերակում երգչուհի Ալսուի 11-ամյա դստեր՝ Միկելա Աբրամովայի հաղթանակի շուրջ ծագած սկանդալից հետո, աստղային երգչուհու և նրա ամուսնու` գործարար Յան Աբրամովի դեմ ՌԴ ներքին գործերի նախարարությունում բողոք է ներկայացվել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, բողոքը ներկայացրել է շոուի մասնակիցներից մեկի՝ Ռուշանա Վալեևայի եղբայրը՝ Իլգիզ Վալեևը՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամուսինների դեմ:
Վալեևը համաձայն չէ շոուի վերջնական քվեարկության արդյունքների հետ, որոնց համաձայն հաղթողը Միկելա Աբրամովան է:
Շոուի հեռարձակող ռուսական Առաջին ալիքը, մեկնաբանելով իրավիճակը, հիշեցրել է, որ Ալսուի դստեր հաղթանակն արդեն չեղարկվել է մայիսի 24-ին ցուցադրված հատուկ թողարկման շրջանակում:
«Մենք գտնում ենք, որ այս հարցով ամեն ինչ ասված է: Հեռուստաալիքի միակ նպատակն է թույլ չտալ նույնի կրկնություն, և մենք ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է Առաջին ալիքի ներկայացուցիչը:
Ավելի վաղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել էր, որ եզրափակիչ քվեարկության ժամանակ Ալսուի դստեր օգտին մեծ քանակությամբ ձայների «լցոնում» է եղել: Ի վերջո Առաջին ալիքը չեղարկել է նրա հաղթանակն ու 6-րդ եթերաշրջանի հաղթող հռչակել եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Միշա Գրիգորյանին և Ռոբերտ Բագրատյանին: