Ադրբեջանը ապավինում է Հայաստանի ղեկավարության ողջամտությանը
Ադրբեջանը ապավինում է Հայաստանի ղեկավարության ողջամտությանը եւ հույս ունի, որ հայկական ղեկավարությունը կհասկանա, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց մեծամասշտաբ ռեգիոնալ նախագծերում ինտեգրվելու եւ համագործակցության անհնար է երկիրը դուրս բերել փակուղուց, որում ներկայումս գտնվում է։ Նման հայտարարություն արել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցի ընթացքում։
Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն սննդամթերային անվտանգության ոլորտում
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, Բաքուն ժամանակային ընդմիջում էր տվել, որպեսզի Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ծանոթանա բանակցային գործընթացի մանրամասների հետ։ Այդ անցումային փուլն ավարտվել է, եւ հիմա բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու պետությունների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով։ Մամեդյարովը, անհանգստություն հայտնելով հայկական կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված որոշ հայտարարությունների առնչությամբ, որոնք նա որակել է որպես «քաղաքական կարգավորման վրա ստվեր նետող», միաժամանակ նաեւ ասել է, որ այսօր Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսեւորի, բանակցությունները առաջ տանելու համար։
Մամեդյարովը նկատել է, որ 2016-ի քառօրյա պատերազմը ապացույցն է այն բանի, որ ստատուս քվոն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում հակամարտության թեժացման առումով եւ կարող է բերել էսկալացիայի։ Ինքնին հասկանալի է, որ Մամեդյարովը ասել է, որ իրենք չեն պատկերացնում կարգավորումն առանց «գրավյալ տարածքների» վերադարձի, ինչպես նաեւ փախստականների՝ ԼՂ վերադարձի ու վստահության մթնոլորտի վերականգնման։
Ուշագրավ է այն, որ վստահության մթնոլորտի վերականգնումը Մամեդյարովը կապել է Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ իրական կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու հետ, իսկ որպես նվազագույն պայման համարել է մշտական շփումը կողմերի միջեւ։