Կառավարությունը ոչ թե պետք է ոգևորվի, այլ մտահոգվի. ինչի՞ հաշվին է եղել տնտեսական աճը
«168 ժամը» գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակում վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 7,1 տոկոս տնտեսական աճ: Խոսքը նախնական գնահատականի մասին է, բայց պետք է ենթադրել, որ հետագայում այն էական փոփոխության չի ենթարկվի: Սովորաբար այդպես է լինում:
Արձանագրված 7,1 տոկոս աճը, անշուշտ, վատ ցուցանիշ չէ, ոչինչ, որ այն զիջում է նախորդ տարվա մակարդակը:
Հիշեցնենք, որ 2018թ. առաջին եռամսյակում, երբ Հայաստանում դեռևս իշխանափոխություն չէր եղել, տնտեսական աճը կազմեց 9,6 տոկոս: Իշխանափոխությունից հետո այն աստիճանաբար նվազեց և արդեն տարվա արդյունքներով կազմեց 5,2 տոկոս:
Վիճակագրության ցուցանիշներով այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպը վերստին ավելացել է: Թեև իրական կյանքում, այդ թվում՝ տնտեսության մեջ, ակտիվություն չի նկատվում:
Խոսքն այն մասին չէ, որ տնտեսական աճի արդյունքները հասարակությունը պետք է միանգամից զգա: Հասկանալի է, որ երեք ամիսը շատ կարճ ժամանակահատված է դրա համար: Խնդիրն իրական զարգացումների մասին է, որոնք տեսանելի չեն: Ինչ-ինչ պատճառով այսօր գուցե և ցուցանիշներն աճում են. ունենք վիճակագրական աճ. բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է դա լուրջ ձեռքբերում համարել:
Տնտեսության որակական աճ Հայաստանում չկա: Մեծ ճիգեր, պետք չեն դրանում համոզվելու համար: Բայց մինչ այդ ևս մեկ դիտարկում, առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական աճը նույնիսկ գերազանցել է տնտեսական ակտիվությանը: Ինչպես հայտնի է՝ տարեսկզբի երեք ամիսներին պաշտոնական վիճակագրությունը հայտարարել էր Հայաստանում ընդամենը 6,5 տոկոս տնտեսական ակտիվության մասին:
Ու հիմա պարզվում է այդ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը կազմել է 7,1 տոկոս: Նախկինում սովորաբար հակառակն էր՝ տնտեսական ակտիվությունն ավելի բարձր էր լինում, քան տնտեսական աճը:
Ինչևէ, տնտեսական աճի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակումը կարծես թե շատ է ոգևորել վարչապետին: Նա հույս ունի, որ այս տեմպով գնալու դեպքում՝ շուտով հնարավոր կլինի նաև վիճակագրորեն հայտարարել տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:
«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած»,- ասում է վարչապետը:
Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին տնտեսական հեղափոխությունը հիմնավորել նաև վիճակագրորեն, թե՞ ոչ, այնքան էլ էական չէ: Փաստն այն է, որ արձանագրված 7,1 տոկոս տնտեսական աճն իրականում որևէ ոգևորության հիմք չի տալիս: Ընդհակառակը՝ դրանից ավելի շատ պետք է մտահոգվել, քան թե ոգևորվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: