Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է Ռուսաստան` իր հարազատներին: Համացանցում հրապարակվել է այդ հեռախոսազրույցից մի հատված:
«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ավելի ճիշտ ոչ թե ինձ, այլ մեզ մոտ: Նաև Յուլեչկայի մոտ»,- ասել է Սկրիպալը հարազատներից մեկի հետ խոսելիս:
Հատկանշական է, որ այս նյութը նոր է տարածվել, սակայն նշվում է, որ Սկրիպալը հեռախոսազրույց է ունեցել մայիսի 9-ին և իր զարմուհուն շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ սա Սկրիպալի առաջին զանգը չէր հարազատներին: Զարմուհին նշել է, թե որևէ կասկած չունի, որ խոսել է հենց Սերգեյ Սկրիպալի հետ:
‘Հիշեցնենք, որ բրիտանական հետաքննության տվյալներով` Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը` Յուլյան, թունավորվել էին 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում:
Սկրիպալների թունավորման գործում Լոնդոնի գլխավոր կասկածյալները Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովն են, որոնք, ըստ բրիտանական իշխանությունների՝ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ են:
Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները և ապացույցներ պահանջում՝ միաժամանակ առաջարկելով անցկացնել համատեղ հետաքննություն: