Տպավորություն է, թե ինչ-որ մեկին ուզում են ապացուցել, որ հեղափոխականներից ավելի հեղափոխական են. Երվանդ Վարոսյան
«Ես չեմ զարմանում նման հայտարարություններից եւ կոնկրետ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից արված հայտարարությունից, քանի որ մի տեսակ տպավորություն է, թե ինչ-որ մեկին ուզում են ապացուցել, որ հեղափոխականներից ավելի հեղափոխական են»,- այս կարծիքը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի այսօրվա հայտարարությանը, որով վերջինս Բարձրագույն դատական խորհրդին կոչ է անում համարժեք գնահատական տալ Սահմանադրական դատարանի՝ իրեն ուղղված գնահատականների վերաբերյալ. «Անկեղծ ասած, տհաճ են նման տիպի դիրքորոշումները»,-ասաց նա։
Ի պատասխան հարցին, թե ինչու հենց այս փուլում եղավ նման հայտարարություն, Երվանդ Վարոսյանը նշեց. «Գուցե վեթթինգի խոսակցությունների ֆոնին կամ գուցե դռները փակելու, դա իրենց է պետք հարցնել, բայց ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Վճռաբեկը մի դատական ատյան է, որը չի վերականգնել անձանց իրավունքները բոլոր այն գործերով, որոնցով հետագայում Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշումներ է կայացրել, այսինքն՝ երբ խոսք է գնում վեթթինգի մասին, եւ դա կապվում է Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումների հետ, ապա բոլորը թող հիշեն, որ անկախ նրանից, թե ստորին դատական ատյաններում դատավորները ինչ որոշումներ են կայացրել, Վճռաբեկ դատարանն այն ատյանն է, որով անցել են այդ բոլոր գործերը»։
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ է պետք ակնկալել ԲԴԽ-ից, երբ վերջինիս ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ լինելու շրջանում եւս նման գնահատականներ հնչեցրել է Վճռաբեկի հասցեին, Վարոսյանը դժվարացավ պատասխանել. «Ժամանակներն այնպիսին են, որ դժվար է կանխատեսել կամ ակնկալել, թե ով ինչ կանի, ես միայն ցավոք կարձանագրեմ, որ թիրախում են հայտնվել այնպիսի դատավորներ, որոնք տարիներ շարունակ թույլ չեն տվել, որ մեր դատական համակարգը վերջնականապես մահանա, եւ օգտվել առիթից՝ կոչ կանեմ բոլոր այն դատավորներին, ովքեր միշտ վեր են եղել կոռուպցիայից եւ տարատեսակ ճնշումներից,չընկրկեն երբեք»։