Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Մոդիի կուսակցությունը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առաջնորդած «Բհարաթյա Ջանաթա» ազգայնական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ է ապահովել:
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ խորհրդարանի 542-տեղանոց ստորին պալատում կուսակցությունը կունենա 294 տեղ, ինչն առավել քան բավարար է մեծամասնություն ապահովելու և միակուսակցական կառավարություն կազմելու համար:
«Բհարաթյա Ջանաթա» կուսակցությունը 50 մանդատով առաջ է անցնում հիմնական մրցակից «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցությունից:
«Մենք տանուլ ենք տվել պայքարը», - խոստովանել է Փենջաբ նահանգի ավագ նախարար Ամարինդեր Սինգհը «Հնդկաստանի ազգային կոնգրեսից»:
Հնդկաստանը համարվում է մոլորակի ամենամեծ դեմոկրատիան: Ընտրողների թիվը հասնում է 600 միլիոնի:
«Նարենդրա Մոդին վերստին կլինի վարչապետ, սա մեր հինգ տարվա աշխատանքի արդյունքն է, որը տեսանելի է բոլորիդ համար», - ասել է «Բհարաթյա Ջանաթա» կուսակցության խոսնակ Մենակաշի Լեխին:
Փորձագետների համոզմամբ, այս ընտրություների ընթացքում Մոդիի կուսակցության հաղթանակին նպաստել է ավանդական մրցակից հարևան Պակիստանի հետ վեճի սրացումը: