Լուլուն, Լիլոն, Լենան, Ասյան եւ մյուսները զինված ուժերում
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «դավադիր պատերազմի» եւ այն հրահրողների մասին, իմքայլականները որոշել են փոխել մեր երկրի զինված ուժերի հրամկազմը:
Իմքայլականները վստահ են, որ հրամանատարները պետք է վայելեն ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ աջակցությունը, իսկ նրանց որոշումը բխի բացառապես ժողովրդի մեծամասնության կամքից: Հրամկազմը բացառապես պետք է գործի Սահմանադրության երկրորդ հոդվածով:
Եւ այս համատեքստում, ըստ օդում շրջանառվող տարօրինակ լուրերի, Հայաստանի ռազմաօդային ուժերը գլխավորելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, որը ստանալու է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հետախուզությունը վստահվելու է կապտամազիկ, արդեն իսկ գեներալ-լեյտենանտ Ասյա Խաչատրյանին, որն այս ոլորտում շատ մեծ փորձ ունի:
Զինված ուժերի ամենակարեւոր ուղղություններից մեկը վստահվելու է Լենա Նազարյանին, որը ստանալու է մինչ այժմ չտեսնված կոչում մեր զինված ուժերի համար՝ գեներալիսիմուս: Իսկապես, էլ ում, եթե ոչ նրան: Ասում են նաեւ, որ նրա առաջին քայլերից մեկը լինելու է նախկին եւ ներկա զինվորներին առաջարկելը տեղեկացնել նախկին հրամանատարների կողմից արված չարաշահումների մասին:
Ռազմաճակատի մի մեծ հատվածի հրամանատարությունը, ասում են, վստահվելու է գեներալ-գնդապետ Լիլիթ Մակունցին, որը վայելում է ժողովրդական զանգվածների աջակցությունը, որի վկայությունն են նրա ստացած քվեները: Նախկին հրամանատարը, ում փոխարինելու է Լիլիթ Մակունցը, բնականաբար, ժողովրդից քվե չէր ստացել եւ անգամ հանդգնել էր Արցախի պատերազմի ժամանակ խախտել հարեւան, բարեկամ ժողովրդի մարդու իրավունքները:
Հարավարեւելյան ուղղությունը վստահվելու է պատգամավոր, արդեն իսկ գեներալ-մայոր Լուլուին, Լուսինե Բադալյանին, որը եւս ունի ժողովրդի քվեն եւ դավադիր մտադրություններ չունի պատրեազմ հրահրել եւ որոշ շրջաններ հանձնել հարեւան երկրին: Ասում են, որ Լուլուի հնարավոր նշանակումը մեծ ոգեւորություն է առաջացրել հարավարեւելյան ուղղության զինծառայողների շրջանում:
Զրահատանկային զորքերը վստահվելու է մեկ այլ պատգամավորի՝ Թագուհի Ղազարյանին, որը, ասում են, ստանալու է գեներալ-գնդապետի կոչում, եւ որը խոստացել է այնպիսի տեխնոլոգիա մշակել, որ զինվորները իրենց հանդերձանքը օգտագործելիս չփչացնեն իրենց սանրվածքը:
Փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվի: Ամեն ինչ դեռ առջեւում է: Ի վերջո, իմքայլականները դեռ կարեւոր գործեր ունեն: Ասում են, որ այսուհետ զինծառայողների ծնողները, նրանց հարազատները, հորեղբոր տղաները կարող են ցանկացած պահի արգելափակել զորանոցները, այնպես, որ այնտեղ որեւէ մեկը չմտնի: Սրա փորձարկումն արդեն արվել է: Հիշո՞ւմ եք այն հեղափոխականներին, որոնք շրջափակեցին եւ կանգնեցրին նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ներխուժեցին այնտեղ եւ ...
Top-News.am-ի հումորի եւ ողբերգության բաժին