Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի անդամներին. ՀԿ-ից ասում են՝ անդամները չգիտեն՝ ինչ են ուզում
Արդեն տևական ժամանակ է՝ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը: Նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում մշակույթի պալատի մոտ:
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները քաշքշելով բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին:
Կատարվածի մասին Tert.am-ը պարզաբանում է խնդրել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից: ՀԿ-ի տնօրինությունից փոխանցեցին.
«Մի խումբ մարդիկ փակել են մշակույթի պալատի մուտքը և թույլ չեն տալիս որևէ մարդ, վարձակալ ներս մտնի: Վարձակալները զանգահարում են ոստիկանություն, որ գան, կարգ ու կանոն ապահովեն, որպեսզի կարողանան մարդիկ ներս մտնել, աշխատել, վարձակալած տարածքներ կան մեր շենքում: Այդ մարդիկ հարձակվել, խփել են ոստիկաններին, ավելորդ բաներ են արել: Ոստիկաններն օգնող ուժ են կանչել»:
Իսկ թե որն է «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի անդամների պահանջը, ՀԿ-ի տնօրինությունից ասացին, որ սկզբում պահանջում էին ՀԿ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը. «Նախագահը հրաժարական տվեց, ընտրվեց մեկ ուրիշ նախագահ՝ Բաբկեն Ղազարյանը, թղթերը տարանք, որ պետական ռեգիստրում գրանցեն, նորից այդ խումբ մարդիկ բողոքեցին դատարանին, որ անօրինական ձևով է ընտրվել: Այնինչ, մենք օրինական ճանապարհով ենք ընտրել: Հիմա նրանք Բաբկեն Ղազարյանին էլ են դեմ, չգիտեն, թե ինչ են ուզում: Այդ մարդը նույնիսկ մեկ օր չի աշխատել, որ իմանան՝ լավն է, թե վատը:
Նստել են մշակույթի պալատի դեմը: Մենք շատ տեղեր ենք բողոքարկել, ոստիկանությունն էլ քաջ տեղյակ է, որ ինքնիրավչություն են կատարում այդ մարդիկ արդեն 11 ամիս»,- ասացին տնօրինությունից:
Կատարվածի վերաբերյալ Ոստիկանությունն էլ է պարզաբանում տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ:
Ժամը 19:05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին:
Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը կծել է ոստիկանի դաստակը, իսկ մյուսը եղունգներով ճանկռել է մյուս ոստիկանի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: «Աջ ձեռքի կծած վերք» և «ձախ ձեռքի քերծած վերք» ախտորոշումներով ոստիկանության երկու ծառայող բուժօգնության է դիմել: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: