Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Քննչական կոմիտե
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին Tert-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի այն հրապարակմանը, թե Էկոլոգիական փորձաքննության եզրակացությունը դրական է «Լիդիան Արմենիա»-ի համար:
«ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննություն եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու վերաբերյալ»,- ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ փորձաքննության եզրակացությունը կտրամադրվի նախապես հայտարարված ժամկետներում: