ՀՀ եւ ոչ մի ղեկավար նման վտանգավոր հայտարարություն չէր արել
«Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:
Այս տողերի հեղինակը Հայաստանի վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը, որն իր իսկ խոսքերով պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատարն է: Եւ առավել եւս այս պատճառով է մտահոգիչ նրա այս հայտարարությունը, նրա այս վտանգավոր ձեւակերպումները:
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դեռ գործող ղեկավարը ոչ ընդդիմադիր ուժերին, ոչ Արցախի ղեկավարներին, ոչ որեւէ անհայտ կամ աներեւույթ ուժի նման մեղադրանք չի ներկայացրել: Սա նորություն է: Սա արդեն ոչ թե վտանգավոր է, այլ ավելի քան վտանգավոր:
Տպավորություն է, թե գործող վարչապետը ցանկանում է հուզական հենք նախապատրաստել Արցախում եւ ամբողջ Հայաստանում ոմանց դեմ ռեպրեսիվ գործողություններ իրականացնելու համար:
Միանգամից ասենք, որ որեւէ լուրջ մարդ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում չեն հավատա, որ Արցախում կգտնվեն մարդիկ, որոնք շահագրգիռ կլինեն պատերազմ հրահրելու մեջ, եւ առավել եւս տարածքներ հանձնելու մեջ: Այնպես որ այս վարկածը մեռելածին է եւ անլուրջ:
Այսուհանդերձ, նույնիսկ դպրոցահասակ երեխաները գիտեն, որ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության որեւէ մեկը, անգամ ցանկության դեպքում չի կարող պատերազմ հրահրել:
Այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը պետք է մտահոգի բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ քաղաքական հայացքներից, հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, բոլորին:
Երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան նման հայտարարություն է անում, չի կարող չգիտակցել, որ առավել խոցելի շերտերին ատելություն է սերմանում արցախցիների հանդեպ: Վերջապես անընդունելի են 1937թ ոգով եւ ոճով կազմված հայտարարությունները: «Սեւեր», «հակահեղափոխականներ», «հակաժողովրդական ուժեր», իսկ հիմա արդեն «դավադիր ուժեր»:
Այնպիսի տպավորություն էր, որ երեկվա շոուն կազմակերպվել էր հենց այս հայտարարության համար, իսկ անցումային արդարադատությունը ստորադրյալ է հենց այս նպատակին՝ «դավադիր ուժերին արմատախիլ անելուն»:
Չստացվեց հեղափոխությունը, տապալվեց տնտեսական հեղափոխությունը եւ հիմա արդեն ժամանակն է հեղափոխության երկրորդ փուլի մասին խոսել: Տպավորություն է, որ գործող իշխանությունը վերջնականապես որոշել է ոչինչ չանել եւ հենվել տեսարանների սիրահար, արյան ծարավ ՀՀ որոշ քաղաքացիների վրա, բայց մենք տեսանք, որ նրանք հազիվ երկու հազար հոգի են:
Հակոբ Ասատրյան
Top-News.am