Դատավարության ամենամեծ բացթողումը
«Դատավարությունն ընթացել է ընդհանուր առմամբ հարթ՝ մի շարք կարևոր բացթողումներով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, 2008-ին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ամփոփելով դատավարության քառօրյա ընթացքը։
Նա առանձնացրել է ամենամեծ բացթողումը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, մեղադրող կողմին թույլ է տրվել մեկ անգամ ավելի հանդես գալ։
«Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, կա նման ընկալում։ Պաշտպաներին մեղադրողի հակափաստարկներում նոր պնդումների մասով հակափաստարկներ բերելու հնարավորություն չի տրվում»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ դատավարությունն ընդհանուր առմամբ թափանցիկ է, եղել են որոշակի լարված պահեր, բայց դա ցանկացած դատավարության ժամանակ էլ լինում է։
Ու քանի որ դատավարության ընթացքում դատախազներին հակափաստարկներ բերելու հնարավորություն չեն ունեցել, ասաց, դրանք կներկայացնի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կողմերին լսելուց հետո, Արցախի նախագահների երաշխավորությունը ներկայացնելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16-ին հրավիրած նիստում։