Առաջին դասարանցիների 80 %-ը գրանցվել է առցանց համակարգում, 0,7 տոկոսն է խնդիր ունեցել. ԿԳ փոխնախարար
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը, որի փորձարկումներից հետո մեկնարկը տրվել է Երևանում:
«Կանխատեսվում է, որ 2019-2020 ուստարվա համար կլինի շուրջ 13 հազար առաջին դասարանցի, իսկ տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար: Այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխաների հետ կապված, որը պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան՝ ժամը 09:10-ից մինչև 09:25-ը, խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով, ու այս տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում կատարել, սակայն տեխնիկական խնդիրները արագ հարթվել են, ու 09:25-ից համակարգն աշխատել է բնականոն ձևով»,-ասաց նա:
Այսպիսով` փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է: «ժամը 09:00-ից մինչև 09:15-ն ընկած ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ միաժամանակ եղել է, որը բերել է համակարգի ծանրաբեռնվածության: Եղել է դպրոց, որ մեկ մարդը 124 տեղն ամբողջությամբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են»,-ասաց նա և նշեց, որ մեկ երեխայի համար 30 տարբեր IP-ներից փորձ են կատարել գրանցվել, սակայն առաջին գրանցված IP-ից բացի, մնացածը բլոկավորվել են:
Արևիկ Անափիոսյանը նաև նշեց, որ կան դպրոցներ, որտեղ 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել, սակայն այդ դպրոցներից օրվա ընթացքում մեկ-երկու բողոք է եղել, որ չեն կարողացել գրանցվել, և միևնույն ժամանակ կան դպրոցներ, որ նույն ժամանակահատվածում մինչև չորս տեղ ունեն:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե քանի տոկոսն է խափանված եղել, իսկ փոխնախարարը պատասխանեց. «Եթե նայում ենք տոկոսային հարաբերակցությամբ՝ 0,7 տոկոսն է, որ խնդիր է ունեցել, միևնույն ժամանակ, 80 տոկոսը հնարավոր կանխատեսվող առաջին դասարանցիներից արդեն գրանցվել են, ինչը բավականին լավ ցուցանիշ է, ու մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների և´ ուսուցիչներից, և´ տնօրեններից, և´ ծնողներից, ովքեր կարողացան, իրենց տանից դուրս չգալով, հայտագրել իրենց երեխաներին իրենց ցանկալի դպրոցում: Սրանով վերջ են դրել այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցվում էին դպրոցներում: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են»: