Ռուսաստանը զենքի վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու տարբերակ է գտել. լրատվամիջոցներ
Ռուսաստանը պարզեցրել է սեփական արտադրության զենքի սկզբնական գնորդների կողմից այն երրորդ երկրներին վերավաճառքի ընթացակարգը, գրում է Ведомости-ն՝ ՌԴ կատավարության №586 որոշմանը հղումով:
Որոշմանը կցված բացատրագրում նշվում է, որ որոշման ընդունման դրդապատճառը ԱՄՆ-ի սահմանած հակառուսական պատժամիջոցներն են:
«Օտարերկրյա պետությունները շահագրգռվածություն են ցուցաբերում ռուսական ռազմական արտադրանքի գնման հարցում, սակայն, վախենալով պատժամիջոցներից, հրաժարվում են գործարքից», - ասվում է որոշման տեքստում:
Պարբերականը նշում է, որ ռազմական արտադրանքի արտահանումը նախկինում նույնպես թույլատրվում էր, սակայն մինչ այժմ այն երկիրը, որը տվյալ արտադրանքը ձեռք էր բերում վերավաճառողից, պարտավորվում էր Ռուսաստանին ներկայացնել վերջնական սպառողի նույնպիսի վկայագիր, ինչ առաջնային ներկրողին, ընդ որում՝ վկայագրով սպառողը պարտավորվում էր զենքն առանց Մոսկվայի համաձայնության չվաճառել: Այս կերպ ներկրողը ձևական կերպով հաստատում էր, որ, վերջին հաշվով, զենքը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից:
Նոր որոշմամբ՝ բավական կլինի, որ երրորդ երկիրը վկայագիր ներկայացնի անմիջական մատակարարին, որը պարզապես կծանուցի Ռուսաստանին գնորդի՝ զենքի հետագա վաճառք չիրականացնելու խոստման մասին:
Հիշեցնենք, որ 2017թ.-ի օգոստոսին ԱՄՆ-ն ռուսական զենքի ներկրողների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրենք էր ընդունել: Դրանք առաջին անգամ սահմանվել էին 2018թ.-ի սեպտեմբերին՝ Չինաստանի նկատմամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ իրական շրջափակումն անհնար է, քանի որ այն «համակարգաստեղծ պետություն» է: