Հայաստանի նախկին նախագահի գործը քննել ցանկացող գրեթե չի մնացել․ «Կոմերսանտի» անդրադարձը
Այս թեմայով
- Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել
- Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
- Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. անակնկալ բացահայտում` դատարանում. (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործին։ Արդեն ներկայացրել ենք աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից «Ֆրանս Պրես»-ի և գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության՝ մարտի մեկի գործի վերաբերյալ հրապարակումները։
Դատավարությանն անդրադարձել է նաև ռուսական «Կոմերսանտ»-ը։ Թերթը գրում է․ «Չնայած հայկական իշխանության՝ պարոն Քոչարյանին ճաղերից այն կողմ ուղարկելու վճռականությանը, դատավարությունը հեշտ չի լինի։ Հատկանշական է, որ այս դատավորն արդեն հրաժարվել է գործը քննել, սակայն նրան հանձնարարել են վերադառնալ գործի քննությանը»։ Այս մասին տեղեկացնում է Yerevan.Today կայքը:
Թերթը նշում է, որ մինչ այժմ մեղադրող կողմի՝ նախկին նախագահի ազատազրկմանը հասնելու փորձերը լուրջ հակազդեցության են բախվել։
«Այն, որ պարոն Քոչարյանը լուրջ ազդեցություն է պահպանում, ակնհայտ է։ Դատարանի դահլիճում նրան ծափահարություններով ողջունեցին, մարդիկ «ազատություն» բացականչեցին։ Նախկին նախագահին աջակցելու ակցիա էր ընթանում նաև դատարանի շենքի մոտ»,- գրում է թերթը՝ նաև հիշեցնելով, որ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու կոչով միջնորդություն էին ներկայացրել Արցախի երկու նախագահները։
Թերթն ընդգծում է նաև այն, որ արդեն 4 դատավորներ հրաժարվել են քննել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը՝ ինքնաբացարկ հայտնելով։ «Հայաստանի նախկին նախագահի գործը քննել ցանկացող գրեթե չի մնացել»,- նշում է «Կոմերսանտ»-ը։