Ինքնաթիռում ծննդաբերող կինն օդաչուին ստիպել է արտակարգ վայրէջք կատարել
Սաուդյան Արաբիայից Ֆիլիպիններ ուղևորվող ինքնաթիռի ուղևորուհին թռիչքի ժամանակ սկսել է ծննդաբերել, որի պատճառով օդաչուն ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Independent-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Էր Ռիադ-Մանիլա չվերթի ժամանակ։ Այն բանից հետո, երբ կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվել, ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Օդանավակայանում բժիշկների խումբ է սպասելիս եղել, որը վայրէջքից անմիջապես հետո բարձրացել է ինքնաթիռ։
Սակայն, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով, բժիշկներին չի թույլատրվել ծակող և կտրող իրեր վերցնել, նրանք չեն կարողացել երեխայի պորտալարը կտրել։ Բարեհաջող ծննդաբերությունից հետո կնոջը երեխայի հետ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կնոջը հետագա օգնությունն են ցուցաբերել։