Թուրքիան և Ռուսաստանն «անխափան» աշխատում են С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ. Ուշակով
Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը: Պայմանավորվածությունն ուժի մեջ է և ամեն բան ընթանում է բնականոն հունով, որքան էլ որ ամերիկյան կողմը դեմ է գործարքի իրականացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Այն, ինչ ամերիկացիները պնդում են, մենք մոտավոր գիտենք: Մեր պայմանավորվածությունը, ինչպես և նախատեսել էինք ամիսներ առաջ, մեծ թափով առաջ է ընթանում: Որևէ խափանում չկա»,- Ուշակովի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը: