Մերժվածները
Քարոզչությունը հասարակական տրամադրությունների վրա հսկայական ազդեցություն է ունենում եւ սա գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ քարոզչությունը միշտ չէ որ հասնում է ուզած, նախանշած արդյունքին: Սա այսպես է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:
Այսպես, ԱՄՆ-ում քարոզչամեքենան ամիսներ շարունակ ամերիկյան եւ միջազգային հանրությանը համոզում էր, թե Թրամփը վարկանիշով զգալիորեն հետ է մնում Հիլարի Քլինթոնից: Պարզվեց, որ այդպես չէ:
Մեզ երկար ժամանակ համոզում էին, թե Ռոբերտ Քոչարյանն աջակիցներ չունի: Պարզվեց, որ ունի եւ բազմաքանակ աջակիցներ: Սա, անկասկա՛ծ, ծանր հարված էր նրանց, ովքեր երկար տարիներ մարդկանց, հանրությանը համոզում էին, թե Քոչարյանը մենակ է, թե աջակիցներ չունի:
Հիմա պատկերը պարզվեց: Պղտոր ջրերը կամաց-կամաց հետ են քաշվում եւ իրականությունը դառնում է ավելի տեսանելի շատերի համար: ՀՀ քաղաքացին տեսնում է, որ նոր իշխանության ետեւից երեւում են շատ հին իշխանությունների ականջները: Այն իշխանության, որի առաջնորդները եւ առաջնորդը մի քանի անգամ մերժվել են, եւ եթե այսպես շարունակվի մերժվելու են նաեւ այս անգամ: Այս անգամ վերջնականապես:
Լեւոն Տեր Պետրոսյանը մերժվեց 1996-ին: Մերժվեց մեկ անգամ եւս նույն 96-ի սեպտեմբերյան բռնություններից հետո, դրան հաջորդեց 1998-ի մերժումը: Նրանք մերժվեցին նաեւ 1998-ին, հակառակ նրան, թե ինչ են ասում որոշ քարոզիչներ: Տեր-Պետրոսյանը եւ իր շրջապատը չի կարող չմերժվել նաեւ այս անգամ, քանի որ հասարակությունը չի ուզում ապրել այս թունավոր մթնոլորտում, որտեղ բոլորին հանում են բոլորի դեմ, որտեղ թեւածում է 1937-ի կեղտոտ մթնոլորտը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am