Թուրքիայի ՆԳ նախարարի՝ Պոսլո պատրիարքարան այցի ժամանակ որոշվել է՝ պետք է անցկացվեն տեղապահի ընտրություններ․ թեկնածուներն են Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը
«Պոլսո պատրիարքարանում անհամաձայնություն կար այն հարցի շուրջ, թե ով պետք է ընտրությունները կազմակերպվի՝ փոխանո՞րդը՝ Արամ Աթեշյանը, թե՞ հատուկ դրա համար տեղապահի ընտրություններ պետք է անցկացվեն, սակայն Ստամբուլի ներքին գործերի նախարարի՝ պատրիարքարան երեկվա այցից հետո որոշվել է, որ պետք է տեղապահի ընտրություններ անցկացվեն հունիսի 24-ին»:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ, տեղապահի թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ ներկայացնելով Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման վերաբերյալ եղած վերջին զարգացումները:
«Մեզ ընդունելի կանոնների համաձայն՝ երբ աթոռներն ազատվում են, նրա տեղը ժամանակավոր տեղապահ է ընտրվում: Սակայն քանի որ մենք Թուրքիայում մնայուն օրենքներ չունենք ընտրությունների վերաբերյալ, ամեն անգամ նոր կանոնադրություն է գրվում: Նախկինում պատրիարքի ընտրությունները փոխանորդով են կատարվել, այս անգամ ժողովրդի և եկեղեցականների կողմից ընդդիմություն կար՝ ցանկանում էին, որ տեղապահ ընտրվի: Դժգոհություն կար սոցիալական ցանցերում, ամենուր և այն հասել էր նաև պետությանը»,- ասաց նա:
Ստամբուլի ներքին գործերի նախարարը, ըստ Սահակ Մաշալյանի, Պոլսո պատրիարքարանում ասել էր, որ ուսումնասիրել են և հասկացել, որ որպեսզի առողջ մթնոլորտում ընթանան այս ընտրությունները, պետք է տեղապահի ընտրությամբ սկսել պատրիարքի ընտրության գործընթացը:
«Որոշվել է, որ Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո՝ հունիսի 24-ին, կլինեն տեղապահի ընտրություններ: Մենք շատ ենք ցանկանում ենք, որ պատրիարք ունենանք, և դա ազատ ընտրություններով կատարվի»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ՝ այս տարվա ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, թե տեղապահի ընտրության կարիք չկա և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։
Պոլսո պատրիարքի ընտրություններն անցկացնող տեղապահը պետք է ընտրվի այնտեղ ծնված բարձր դասի հոգևորականների միջից: Սահակ Մաշալյանի խոսքով՝ հիմա տեղապահի ամենահավանական թեկնածուներն ինքն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն են:
«Իհարկե, այստեղ կարևորն այն չէ, թե ով տեղապահ կընտրվի, կարևոր է, որ ամեն ինչ օրինական լինի և զարտուղի ճանապարհները օրենքի չվերածվեն: Հետո դրանք ապագայի համար օրինակ են հանդիսանալու, և սխալը կխորանա: Իսկ տեղապահ ընտրելն արդեն նշանակում է, որ նոր շրջան է սկսվել, ինչը մեզ, ժողովրդի համար խորհրդանշական է»,- ասաց նա:
Ինքը՝ որպես տեղապահի թեկնածու, կնախապատրաստվի նաև պատրիարքի ընտրություններին, քանի որ ինքն էլ պատրիարքի թեկնածու է: «Պետք է ջանամ, որ տեղապահ ընտրվեմ: Տեղապահ լինելն ունի և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր: Այդ երկու կողմերը հաշվի առնելով՝ իմ կողմնակիցների հետ միասին որոշելու ենք, թե ինչ անենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինքը ժամանակին դժգոհել էր Արամ Աթեշյանից, նաև վերջինիս մասին կա կարծիք, որ իշխանությունների հովանավորյալն է և նա ամեն ինչ կանի, որ ընտրություններում հաղթի, Սահակ Մաշալյանն արձագանքեց․ «Ներքին գործերի նախարարի այցելությունն ու ասած խոսքերը տապալեցին այդ առասպելը: Չկա նման բան: Նման բաները ներկայացվում են Արամ սրբազանի կողմից՝ վախ տարածելու, իր շահերի համար: Ընդհանրապես իր թիկունքում ժողովուրդ չունեցող եկեղեցականները այդ վահանի հետևում են թաքնվում: Բայց պետությունն արդեն ասաց, որ նման բան չկա: Նրանք անկողմնակալ են այդ հարցում, ցանկանում են ազատ ընտրություններ անցկացնել»:
Սահակ Մաշալյանը նշեց, որ ինքը մեծ հավատ ունի, որ պատրիարք կընտրվի: «Պատրիարք ընտրվելու ամենամեծ հավանականություն ունեցող թեկնածուն ես եմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է այս տարվա մարտի 8-ին՝ 62 տարեկան հասակում: 2008 թվականից ի վեր Մութաֆյան պատրիարքը հիվանդության հետևանքով փաստացիորեն անգործունյա վիճակում էր, և վերջին տասնամյակում նոր պատրիարքի ընտրության հարցը մշտապես պոլսահայ համայնքի օրակարգում էր գտնվում: Սակայն թուրքական իշխանությունները տարիներ շարունակ չէին արտոնում նոր պատրիարքի ընտրություն անցկացնելը՝ հիմնավորմամբ, թե դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Մութաֆյան պատրիարքի մահից հետո ակնկալվում է, որ պետությունն այլևս չի խոչընդոտի այս գործընթացը, և հայ համայնքը ի վերջո նոր պատրիարք կունենա: