«Սերժը ի՞նչ իրավունք ուներ ստեղից 50 հազար ձայն տաներ». գյումրեցիները զայրացած են
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայաստանի կառավարող Հանրապետական Կուսակցությունը Շիրակի մարզում հավաքել է 52 հազար 600 ձայն:
Տեւական դադարից հետո ՀՀԿ-ն հաղթեց Գյումրի քաղաքում: Հետաքրքրականն այն է, որ Գյումրիում բոլորն են դժգոհ Սերժ Սարգսյանից եւ նրա ղեկավարման սկզբունքներից, բայց ինչպե՞ս է ստացվել, որ ընդդիմադիր ուժերը պարտվել են հենց ընդդիմադիր քաղաքում: Գյումրեցիները մեզ հետ զրույցում շտապում են տեղեկացնել, որ մեղքը ՀՀԿ-ինն է՝ վարչական ռեսուրս են կիրառել:
«Քանի Սերժն ու Մուկուչյանը կան, կեղծիք միշտ էլ կլինի: Անցած անգամ Արման Սահակյանը ձեն չտարավ (2012 թիվ, ԱԺ ընտրություն), էս տարի 15 հազար բաժնեց, Ջավախքից մարդ բերավ՝ 2-3 օր ըստեղ պահեց, իրան ընտրեցին, գնացին: Թե չէ իրան ո՞վ էր ընտրողը կամ վստահողը: Մենք ստեղ մեղք չունինք, իրանք իրանցով արեցին»,- ասում են Գյումրու Անի թաղամասի բնակիչները:
Խորհրդարանական այս ընտրությունները գյումրեցիների գնահատմամբ արդար չէին: Նշում են, որ իշխանական կողմը հերթական անգամ դիմել է ընտրակեղծիքների՝ կրկին անգամ վերարտադրվելու համար:
«Ի՞նչն էր արդար, որ մանկավարժական ինստիտուտի կողքը կաշա՞ռք էին բաժանում: Մի քանի քայլ այն կողմ էլ ոստիկաններ կային կանգնած, բայց տեղներից չէին շարժվում: Ան, էս է մեր երկիրը»- ասում է մեկ այլ գյումրեցի:
«Սաղ վարչական կառույցները իրանց ձեռն է, վախեցրել, տարել են, որ Սերժին ընտրեն: Հարեւանս 74 տարեկան է, փողոց մաքրող կաշխատի. վախեցրել են, ըսել են՝ հանրապետականին չընտրեցիր, գործից կազատենք»,- ասում է գյումրեցի մի տղամարդ:
Ընտրության արդյունքները պարզ են, բայց գյումրեցիների համար անորոշ է իրենց ապագան: Մեր զրուցակիցների շրջանում հետաքրքվում ենք, թե խորհրդարան մտած չորս քաղաքական ուժերից ինչ ակնկալիքներ ունեն, արդյո՞ք նոր ձեւավորված խորհրդարանը կբարելավի երկրի վիճակը:
«Հեչ բան էլ չի փոխվի, ավելի բեթար կեղնի, քանիմ հոգի են մնացել, թողին կփախնին, հողերն էլ կուդան թուրքերին»,- ասում են անհույս գյումրեցիները:
«Մեր ժողովուրդը պիտի կոմունիստներին ընտրեր, պրծներ, Սերժը ի՞նչ իրավունք ուներ ստեղից 50 հազար ձայն տաներ»,- զայրացած ասում է մեկ այլ բնակիչ:
Անկախ նրանից, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է, գյումրեցիների հույսը շարունակում է մնալ «Ծառուկյան դաշինքը»:
«Արդար էր այնքանով, որ Բարգավաճը անցավ: Բարգավաճից լավ տղեք էին դրել, դրա համար էլ հաղթեցին: Ապարն էլ է լավ տղա (նկատի ունեն Վարդեւան Գրիգորյանին), Վարդան Ղուկասյանն էլ: Իրանք բացի պաշտոնյա լինելուց, նաեւ մարդկային մարդիկ են: Լավ է, որ գոնե իրանք Ծառուկյանի հետ մտան խորհրդարան»,- եզրափակում է գործազուրկ գյումրեցիներից մեկը, ով իր հարեւանների հետ եկեղեցու բակում ողջ օրը թղթախաղով է զբաղված:
Դավիթ Գասպարյան
Գյումրի