«Սպայկայի» տնօրենին աղմուկ-աղաղակով կալանավորեցին, անաղմուկ ազատ արձակեցին
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեկ ամիս առաջ, աղմուկ-աղաղակով, ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս։
Դավիթ Ղազարյանի ձերբակալմանը եւ կալանավորմանը ոչ միայն ակտիվ մասնակցեց ՊԵԿ-ը եւ իրավապահ համակարգը, այլ նույնիսկ քաղաքական իշխանության ամենավերին ներկայացուցիչները, այդ թվում եւ վարչապետը հասկացրին, որ տեղյակ են գործից եւ առաջադրված մեղադրանքից:
ՊԵԿ-ն ու դատախազությունը որքան մեծ աղմուկով Դավիթ Ղազարյանին կալանավորեցին, այդքան անաղմուկ էլ նրան ազատ արձակեցին: Լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը բավարարվեց միայն պաշտոնական հաղորդագրությունը հրապարակելով:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության, պարզվում է, որ վերացել են «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը: ՊԵԿ-ը նաեւ հայտնում է, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է մեկ միլիարդ դրամ գումար (մոտ երկու միլիոն դոլար):
Չմոռանանք, որ սկզբում պնդում էին, թե վնասը յոթ միլիարդ է, ասում էին, թե ազատության մեջ գտնվելով կխանգարի նախաքննությանը, եւ այլն, եւ այլն: Հիմա պարզվում է, որ նա կարող է ազատության մեջ լինել եւ վստահ են, որ նախաքննությանը չի խանգարելու: Եւ այստեղ արդեն հարցեր են առաջանում:
Մի՞թե այս աղմուկ-աղաղակի պատճառը Դավիթից երկու միլիոն դոլար ստանալն էր, թե՞ նա ցանկալի ցուցմունքներ է տվել եւ ցանկալի մարդկանց դեմ: Իսկ գուցե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին որոշակի եւ կոնկրետ խոստումնե՞ր է տվել, իսկ գուցե՞ կոնկրետ գործարքներ է իրականացվել:
Հարցերը շատ են եւ գնալով ավելանալու են, իսկ պատասխաններ չկան եւ դեռ երկար ժամանակ չեն լինելու:
Վարդան Մխիթարյան
Top-News.am