Երվանդ Բոզոյան. «Եթե իշխանությունը կորցնում է օբյեկտիվությունը, հայտնվում է ծանր կացությունում»
«Այսօր Հայաստանի ազգաբնակչության մոտ ութսուն տոկոսն աղքատ է, իսկ ահա խորհրդային վերջին տարիներին Հայաստանի բնակիչները որակապես անհամեմատ ավելի լավ էին ապրում, քան ԽՍՀՄ մյուս հանրապետությունների բնակիչները: Մեր երկրի բնակիչների կենսամակարդակը Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ուղիղ տասը անգամ անկում է ապրել: Տարբեր գնահատականներով ութսունականների վերջին մեր ՀՆԱ-ն կազմել է 25-30 միլիարդ դոլար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերջում հասել էր 2 միլիարդի: Իհարկե, մենք գիտենք, որ կային օբյեկտիվ պատճառներ, բայց առկա էին նաեւ սուբյեկտիվ գործոններ: Մենք հիշում ենք, թե ինչպես ընթացավ սեփականաշնորհման գործընթացը, կոպեկներով գործարաններ գնելը եւ հսկայական գնով սարքավորումները վաճառելը: Սեփականաշնորհման ընթացքում թալան տեղի ունեցավ, եւ մարդիկ դա հիշում են: Եւ այդ հիշողությունը սարսափելի մետաֆիզիկա է առաջացնում:
Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում նույնպես չարաշահումներ կային, բայց նա երկու միլիարդ ՀՆԱ-ով տնտեսությունը վերցրեց եւ այն տասը տարվա ընթացքում հասցրեց 12 միլիարդի, այլ կերպ ասած, այն ավելացրեց վեց անգամ:
Սերժ Սարգսյանն իր հերթին տասը տարվա ընթացքում ոչինչ չավելացրեց եւ հինգ միլիարդ դոլար էլ պարտք մնաց:
Եթե մենք տեսնում ենք օբյեկտիվ այս պատկերը, ապա Քոչարյանն անհամեմատելի է եւ հատկապես առաջին նախագահի հետ, եւ ինքն է այսօր կալանավորված է, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Հասկանում եք, իշխանությունը պետք է ունենա օբյեկտիվ խաղի կանոններ, որ կարողանա օբյեկտիվ դատավորի դերում լինել եւ կարողանա երկարաժամկետ կառավարել: Եթե օբյեկտիվությունը կորցնում է եւ ընտրովի մոտեցումներով այսպիսի խնդիրներ է փորձում լուծել, ապա հայտնվում է ծանր վիճակի մեջ»:
Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ