Ինչո՞ւ արձակուրդը պետք է տեւի 4 շաբաթից ոչ պակաս
Հելսինկիի համալսարանի գիտնականները հետաքրքիր համահարաբերակցություն են հայտնաբերել արձակուրդի տեւողության եւ կյանքի սպասվող տեւողության միջեւ. մարդիկ, որոնց արձակուրդը տեւում է 4 շաբաթից պակաս, ավելի հաճախ են մահանում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով:
Գիտնականների խոսքով՝ հանգստի պակասը եւ գերլարվածությունը կարող են մեածացնել սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունը, ուստի խորհուրդ են տալիս արձակուրդ գնալ տարեկան 4 շաբաթից ոչ պակաս:
Այս կարծիքի օգտին են 1222 տղամարդկանց 40 տարի հետեւելուց հետո ստացված տվյալները, որոնք ծխել են, ունեցել ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում եւ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ: Փորձարկվողներից յուրաքանչյուրը մտնում էր սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկի խմբի մեջ:
Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են 2 խմբի: Առաջինում նրանց օգնել են հետեւել առողջ կենսակերպին՝ խորհուրդ են տվել որոշակի ֆիզիկական վարժություններ, դիետիկ ճաշացանկի հրահանգներ են տվել, պարբերաբար գնահատել են առողջական վիճակը եւ անհրաժեշտության դեպքում բարձր ճնշման ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման դեղեր նշանակել: Երկրորդ խմբում ներառված մարդիկ հետեւել են իրենց սովորական սովորություններին:
Դիտարկումների ընթացքում զարմանալի փաստ է արձանագրվել. այն խմբի մարդիկ, որոնք հետեւել են առողջ կենսակերպի պահպանմանը, նրանցից ավելի հաճախ են մահացել, ովքեր վնասակար սովորություններից չեն հրաժարվել: Հետագայում մահացությունը եկու խմբերում հավասարվել է:
Բոլոր հանգամանքները վերլուծելով, որոնք կարող էին մահացության վրա ազդել, գիտնականները պարզել են, որ կյանքի տեւողությունը կարող է կապված լինել ամենամյա արձակուրդի տեւողության հետ: Ստացվում էր, որ եթե անգամ մարդիկ առողջությանը հետեւել էին, բայց տարեկան արձակուրդ էին գնացել 3 շաբաթից պակաս, նրանք 37 տոկոսով ավելի հաճախ էին մահանում:
Առայժմ չի կարելի միանշանակ պնդել, որ հենց կարճատեւ արձակուրդն է նպաստում մահացության աճին՝ այս փաստը դեռեւս վերստուգման կարիք ունի: Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ լիարժեք հանգիստը արդյունավետ է որպես սթրեսի դեմ պայքարի միջոց, որը սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացման հիմնական գործոնն է: