Շրի Լանկայում նոր ահաբեկչության սպառնալիքի պատճառով կաթոլիկ եկեղեցիներում հետաձգվել են պատարագները
Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցին երկրում ահաբեկչությունների վտանգի պահպանվող բարձր հավանականության ֆոնին վերանայել է առանձին տաճարներում մայիսի 5-ից կիրակնօրյա պատարագները վերսկսելու մասին որոշումը, գրում է Business Insider պարբերականը՝ Կոլոմբո քաղաքի արքեպիսկոպոսության պաշտոնական ներկայացուցիչ Էդմունդ Տիլակարանտեին հղումով: Հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն պատարագները:
Ապրիլի 29-ին Կոլոմբո քաղաքի արքեպիսկոպոս Մալկոլմ Ռանջիտը հայտարարել էր, որ կղզում ապրիլի 21-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո մայիսի 5-ին երկրի առանձին եկեղեցիներում կվերսկսվեն կիրակնօրյա պատարագները: Ենթադրվում էր, որ պատարագի մասնակիցներին թույլ չի տրվի եկեղեցի պայուսակ տանել:
Արքեպիսկոպոսն ավելի վաղ հայտնել էր նաև, որ եկեղեցիներում «զգոնության հանձնաժողովներ» կստեղծվեն, որոնք պատասխանատու կլինեն անվտանգության համար, իսկ այն այցելուները, որոնք եկեղեցու անդամ չեն, այնտեղ մուտք գործելուց առաջ անձը հաստատող փաստաթուղթ կներկայացնեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության օրը, Շրի Լանկայի եկեղեցիներում և հյուրանոցներում 8 պայթյուն էր որոտացել, որոնք մինչ այժմ ավելի քան 250 մարդու մահվան պատճառ են դարձել:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Շրի Լանկայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքում այդ խմբավորման 130-140 անդամ է գտնվում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պայթյուններն իրականացվել են 9 մահապարտ ահաբեկիչների կողմից: Նրանց բոլորի ինքնությունը հաստատվել է: