Երվանդ Բոզոյան. «Հին էջերը բացողը մնում է այդ հին էջերում»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հյուրընկալվելով «հ2»-ի «Խոսքի իրավունք» հաղորդմանը բավական հետաքրքիր հարցադրումներ է արել: Մասնավորապես նա անդրադարձել է երկրում այսօր հաստատված մթնոլորտին եւ դրա բացասական հետեւանքներին:
«Երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, որեւէ մեկի մտքով չանցավ, պատժել, հետապնդել Կարեն Դեմիրճյանին կամ կոմունիստական կուսակցության մյուս ղեկավարներին, թեեւ գաղտնիք չէ, որ նրանք եւս թաթախված էին կոռուպցիայի մեջ: Երբ 1998թ. տեղի ունեցավ իշխանափոխություն եւ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, կրկին կային մարդիկ, որոնք պահանջում էին պատժել, բանտերը լցնել թալանչի ՀՀՇ-ականներին, դատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց նա էլ չգնաց այդ ճանապարհով»,- շեշտել է քաղաքագետը եւ ավելացրել. «Ռոբերտ Քոչարյանը հասկանում էր, որ եթե իշխանությունը գնում է ռեպրեսիաների ճանապարհով, ապա ինքը զբաղվելու է հին էջերը բացելով եւ մնալու է նույն այդ հին էջերում եւ չի կարողանալու Հայաստանի զարգացման տեսիլք ներկայացնել: Քոչարյանը չգնաց այդ ճանապարհով: Միգուցե հասարակության մի մասը հիասթափվեց նրանից, բայց դրա շնորհիվ Հայաստանը կարողացավ երկնիշ տնտեսական աճ ապահովել մի քանի տարի շարունակ: Համախառն ներքին արդյունքը երկու միլիարդից հասավ 12 միլիարդի: Առանց հանդուրժողականության, առանց հասարակության համախմբվածության անհնար է իրականացնել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ»:
Երվանդ Բոզոյանը համոզված է, որ նույն շանսը ուներ Փաշինյանը եւ եթե գնար այդ ճանապարհով այսօր մթնոլորտն այլ կլիներ եւ հանրության մեծ մասն նրան կաջակցեր: «Փաշինյանը որոշեց, որ իրեն պետք է զոհ եւ այդ զոհը դարձավ Ռոբերտ Քոչարյանը եւ առաջացրեց հարցադրումներ: Եթե հասարակության մի հատվածն ատում է երկրորդ նախագահին, ապա մի մասն էլ ատում է առաջինին, մյուս մասը՝ երրորդին: Հարց՝ ինչո՞ւ ես ընտրովի ընտրում մեկին, մյուսներն ինդուլգենցիա՞ ունեն եւ այս հարցադրումները խորանալու են: Եթե մարտի մեկը վատն էր, վատն էին տանկերը, ապա ավելի վատն էին 96-ի տանկերը, քանի որ դրանք հիմնադրեցին այդ ամենը: Այս խնդիրներն են, որոնք հանրության մեջ հարցեր են առաջացնում»:
Top-News.am