Քաղաքացու օրվան՝ 250 հազար դոլար, աշխատավորի օրվան՝ 0
Ընդամենն օրեր առաջ Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել էր մոտ 250 հազար դոլար, որը ծախսվեց խիստ կասկածելի ձեւով, խիստ կասկածելի կազմակերպությունների կողմից, որի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան:
Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատավորի օրը, որն ի տարբերություն քաղաքացու օրվան, ոչ աշխատանքային տոնական օր է: Այս տոնին կառավարությունը հատկացրել է 0 դոլար կամ 0 դրամ: Ամեն դեպքում որեւէ տեղեկություն չկարողացանք գտնել, թե քանի դրամ է բյուջեից կամ պահուստային ֆոնդից հատկացվել այս տոնը, աշխատավորի տոնը նշելու համար:
Խիստ ընտրովի մոտեցում, ակնհայտ երկակի վերաբերմունք նույն երկրի երկու տոների նկատմամբ, որոնցից մեկը նշվում է հանգստյան օրերին, իսկ մյուսը ոչ աշխատանքային: Քաղաքացու օրը քաղաքացուն տրվեց խաշլամա եւ խորոված, իսկ աշխատավորին՝ ծծած մոնպաս եւ կորժիկ:
Հիմա հարց՝ ո՞վ է գործող կառավարության համար աշխատավորը, իսկ ով՝ քաղաքացին: Մի՞թե նրանք տարբեր են, մի՞թե աշխատավորը չի կարող քաղաքացի լինել եւ հակառակը: Եւ այստեղ հերթական անգամ համոզվեցինք, որ քաղաքացու օր կամ տոն ասելով կառավարությունը նկատի ունի հենց իրենց: Անհարմար զգացին տոնը կոչել հեղափոխության օր եւ այն դարձնել ոչ աշխատանքային եւ պայմանական անուն ընտրեցին: Այսքանը:
Եւ հիմա հարց, եթե այսպես չեք մտածում, ապա որքա՞ն գումար եք հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար, եւ որքան գումար Աշխատավորի տոնը նշելու համար եւ ինչու:
Վարդան Մխիթարյան
Top-News.am