Սանասարյանին առայժմ մնում է միայն պաշտպանվել. հարձակվող կողմը Վանեցյանն է
ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրուցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին եւ պնդել՝ մենք մեղադրանք առաջադրեցինք քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար:
Ուշագրավ է, որ Աղաջանյանը զրուցել է հենց «Հայկական ժամանակի» հետ, հետաքրքիր է նաեւ, որ Ազգային ժողովում պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր հերթին ասել է, թե ոչ մի հիմք չկա պնդելու, թե Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործը շինծու է:
Իսկ Դավիթ Սանասարյանը եւ նրա փաստաբանները շարունակում են պնդել, հայտարարել, որ գործը շինծու է: Սանասարյանն անգամ պատրաստ է կտրել իր ձեռքը, եթե ապացուցվի իր մեղավորությունը: Կարճ ասած, ականատես ենք շատ լուրջ հակամարտության եւ բախման, որի հանգուցալուծումը շատ կարեւոր է լինելու վարչախմբի հետագա գործունեության համար:
Ի դեպ, զերծ մնալով կողմերի միջեւ արդար եւ անարդար գտնելու ձգտումներից, արձանագրենք, որ Դավիթ Սանասարյանին փոխարինելու է 27-ամյա մի երիտասարդ, որը ըստ մամուլում շրջանառվող լուրերի Էդուարդ Աղաջանյանի հովանավորյալն է:
Ի դեպ, իր հերթին Արթուր Աղաջանյանը չի էլ թաքցնում, որ անընդունելի են համարում Սանասարյանի պատպանական կողմի հայտարարությունները եւ գրառումները:
Չմոռանանք, որ Դավիթ Սանասարյանը կոռուպցիայի դեմ պայքարի մարմնացումն էր, խորհրդանիշը եւ ոչ վերջին մարդը նոր իշխանավորների թիմում: Հիմա նրա եւ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի միջեւ առկա բաց հակամարտությունը ցույց է տալիս այն իրողությունները, որն առկա է երկրում եւ հենց այստեղ են ասել, որ կամ Վանեցյանը Սանասարյանին կտանի բանտ՝ կամ...
Հակառակ դեպքում Վանեցյանի պաշտոնանկությունն անխուսափելի է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հիմա կողմերը հասել են մի կետի, որից արդեն նահանջ չկա: Հաղթելու է կամ մեկ կամ մյուս կողմը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am