Ամսական 1 միլիարդ 300 միլիոնի հարկ չեն վճարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր առավոտյան «լայվին» եւ օրեր առաջ արած հայտարարությանը՝ 50 հազար աշխատատեղ բացել-գրանցելու, այսինքն՝ թաքնված զբաղվածության բացահայտման հետ կապված ահազանգեց ՊԵԿ համակարգի հին աշխատակիցներից մեկը։ Նա փոքրիկ հաշվարկ է կատարել 50 հազար աշխատատեղերի գրանցման վերաբերյալ եւ ասում է, որ դա այդքան էլ անմեղ երեւույթ չէ, եթե, իհարկե, համապատասխանում է իրականությանը։
Դա նշանակում է, որ ամեն ամիս Հայաստանում պակաս է հավաքվել 1 միլիարդ 300 միլիոն դրամի եկամտահարկ։ Եթե 50 հազարը պարզ թվաբանական գործողությամբ բազմապատկում ես 26 հազարով, իսկ յուրաքանչյուր աշխատողի դիմաց գործատուն այնդքան հարկ է վճարում, հենց այդ թիվն է ստացվում։ Իսկ դա նշանակում է, որ ՊԵԿ տեսուչները կամ լավ չեն աշխատել, կամ՝ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել։ ՊԵԿ-ում անգամ մեկ աշխատող իրավունք չունեն չնկատել եւ իրենք անընդհատ զբաղվածության ստուգումներ են անում, որ թաքնված աշխատողներին բացահայտեն եւ բյուջեն համալրեն։
Եթե գեթ մի քանի ամիս 50 հազար աշխատող գրանցված չի եղել, ուրեմն բյուջեն մեծ վնասներ է կրել եւ առնվազն ՊԵԿ աշխատակիցները, գոնե՝ հին աշխատողները, պետք է դրա համար պատասխան տան։ Մինչդեռ մենք գիտենք, որ ՊԵԿ-ում պատասխան տվողներ չեն եղել, հակառակը՝ ճոխ պրեմիաներ են ստացել մշտապես։