Մեքսիկացիներին զայրացրել է սառը գարեջրի վաճառքն արգելելու որոշումը
Մեքսիկայի օրենսդիրներն առաջարկել են մայրաքաղաք Մեխիկոյի մինի մարկետներում արգելել սառը գարեջրի վաճառքը, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
«Առևտրի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների համաձայն՝ փոքր խանութները չեն կարողանա սառը գարեջուր և մինչև 7 տոկոս ալկոհոլ պարունակող խմիչքներ վաճառել:
Ակնկալվում է, որ այդ փոփոխությունը կազատի քաղաքը ցածր գնով և մեծ շշերով ու պլաստմասե բաժակներով ալկոհոլ վաճառող «պանդոկներից»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մեքսիկաները դժգոհ են այդ որոշումից, քանի որ տաք կլիմա ունեցող երկրում սառը գարեջրից հրաժարվելը հաճելի չէ: Նրանք սոցիալական ցանցերում նույնիսկ ֆլեշմոբ են սկսել՝ «Ձեռք մի տվեք մեր գարեջրին» խորագրով:
Շատերը կարծում են, որ հնարավոր է սահմանափակել վաճառքը այլ մեթոդներով, օրինակ՝ արտադրանքի վրա հարկի ավելացման միջոցով: