Կիմ Չեն Ընը մոտ կես ժամ սպասեցրել է Պուտինին
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընն ուշացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից: Ինչպես հայտնում է mk.ru-ն, հյուսիսկորեացի ղեկավարը հանգրվանել էր Հեռավորարևելյան դաշնային համալսարանին կից հյուրանոցում, սակայն այնուամենայնիվ չի հասցրել ժամանակին ներկայանալ հանդիպմանը, որը տեղի է ունեցել համալսարանի շենքում:
ՌԴ նախագահը, որն ինքն է հաճախ ուշանում բարձրաստիճան գործընկերների հետ հանդիպումներից, ստիպված է եղել Կիմ Չեն Ընին սպասել մոտ կես ժամ:
«Շնորհակալություն, որ եկաք», - ասել է Պուտինը բանակցությունների սրահի մոտ պաշտոնակցին դիմավորելիս:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին կայացել են Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև առաջին բանակցությունները: Մինչ այս Կիմ Չեն Ընը Ռուսաստան չէր այցելել: Բանակցությունները երեքուկես ժամ են տևել, որից 2 ժամը ղեկավարները զրուցել են դեմառդեմ ձևաչափով:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կորեական թերակղզում իրավիճակին նվիրված հարցեր: Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդներն էլ քննարկումը կառուցողական են որակել: Նրանք նաև նվերներ են փոխանակել:
Նշենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպումից հետո Պուտինը մեկնել է Չինաստան: