ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ)
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
«Այսօր կարևորում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը, և նաև տոկունությունը, որ հանդես բերեց հայ ժողովուրդը և՛ այստեղ` Հայաստանում, և՛ աշխարհի շատ վայրերում․ հայկական համայնքներն իրենց հայկական ոգու ամրությունը դրսևորելով իրենց կարևոր կենսունակությունն են ապահովում»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ ամերիկացիները երախտապարտ են հայկական ծագումով այն ամերիկացիներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ-ում:
Դիտարկմանը, թե ԱՄՆ 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչ են մտածում դրա մասին, ԱՄՆ դեսպանը պատասխանեց․«Միացյալ Նահանգներում դեսպանի պաշտոնում հաստատման ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ Միացյալ Նահանգները պատմական իրողությունը չի ժխտում, և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի վայրագություններից մեկն է, և մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասաց նա: