«Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա սկսվիլ տեն միջոցառումնին». Քաղաքացու օրվա միջոցառումների անոնսները՝ բարբառներով
«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվան, հայրենի իշխանությունները պատրաստվում են ամբողջ ուժով: Այդ օրը կնշվի ողջ հանրապետությունում, պատգամավորներին էլ «բաժանել» են մարզերի վրա. նրանք խումբ-խումբ կլինեն տարբեր մարզերում:
Ֆեյսբուքում այդ օրվա կապակցությամբ արդեն էջեր են բացվել, որոնք իրազեկում են, թե որ մարզում ինչ միջոցառում է նախատեսվում՝ «ՀՀ քաղաքացու օր. Սյունիքի մարզ», «ՀՀ քաղաքացու օր. Շիրակի մարզ» անուններով և այլն: Իշխանությունները փորձել են կրեատիվ մոտեցում ցուցաբերել և մարզպետարանների էջերում այդ օրվա միջոցառումների «իվենթները» ներկայացրել են տվյալ մարզի բարբառով:
«Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում նախատեսածի հանրային քննարկումներ, արհեստների և արվեստների փառատոն, street art, կանանց ֆուտբոլի առաջնություն, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, դանցեն զատ հանդիպելուեյ ժամանակակից գրողների խետ, հըմենավերջն էլ տոնական համերգի ըլելու՝ Միտքդ վառ պախիր: Մեյ ծերը սիրասեյ, սպասեսեյ... »: «Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա 10-ից Հայաստանի տարածքովը մին սկսվիլ տեն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումնին: Էդ օրը Լոռվա մայրաքաղաք Վանաձորըմ հանրային թննարկումնի կլեն, սպորտային ու մշակութային միջոցառումնի, կինոցուցադրութին, թատերական ներկայացումնի, մնել հանդիպում հմիկվա գիր անողների հետ: Իսկ վերջում տոնական համերգ՝ Միտքդ կեծ արած պըհի: Սիրով ոտներս կախ ենք քցըմ...»: Իսկ Շիրակի մարզի էջում կարդում ենք. «Ապրիլի 27-ին, առավոտ 10-ից Հայաստանի սաղ տարածքով մեկ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ բդի էղնին: Էդ օրը ալամ աշխարհքի կենտրոն Գյումրիում կեղնին հանրային քննարկումներ, օպերային, թատերական ներկայացումներ, արհեստների ու արվեստների փառատոն, ըդորից բացի՝ նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ:
Դե վերջում էլ՝ տոնական համերգ՝ Միտքդ վառ պահե, ծո: Սիրով սպասենգը ձեզի... »»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: