Կոնգրեսական Փալոունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չեղարկել հօգուտ թուրքական կազմակերպության կայացված ապրիլքսանչորսյան որոշումը
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան իշխանությունների որոշմանը, համաձայն որի՝ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ իրենց հավաքն անցկացնել:
Կոնգրեսականն ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության որոշումը «շոկային» է անվանել՝ նկատելով, որ թուրքական կազմակերպությունն այժմ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ակցիայի հարևանությամբ իր բողոքի ցույցը կազմակերպելու:
«Կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,-գրել է նա:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է Փալոունի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար:
Ինչպես ավելի հայտնել էր tert.am-ը, «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն փորձում է կանխել ապրիլի 24-ին Վաշինգտոնի Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհին ծրագրված հավաքը, որի մասնակիցները պատրաստվում են բողոքել Անկարայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ:
«Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն սովորաբար ապրիլքսանչորսյան ցույցերի անցկացումը փորձում է խոչընդոտել բարձր պարային երաժշտությամբ, երգերով, բղավոցներով և սուլիչներով:
Այս տարի առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները կոմիտեին թույլ են տվել իրենց վիճահարույց գործունեությունն իրականացնել ապրիլքսանչորսյան ակցիայի անցկացման վայրի անմիջական հարևանությամբ՝ Շերիդան Սըրքլի տարածքում:
Եվ թեպետ ամերիկյան իշխանությունները «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին թույլ են տվել ապրիլի 24-ին զբաղեցնել Շերիդան Սըրքլի մոտ 1/3-րդ մասը, այնուհանդերձ՝ հայկական կողմը լիահույս է, որ ԱՄՆ-ի հայկական, հունական, ասորական համայնքների ներկայացուցիչներն ակտիվություն կցուցաբերեն և Ցեղասպանության հիշատակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում հանուն արդարության կբարձրացնեն իրենց ձայնը: