Ուկրաինացի դատավորը հայց է ներկայացրել Պորոշենկոյի դեմ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորը դատի է տվել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին տեղեկանում ենք դատարանի մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է, որ հայցվորը հայտարարել է երկրի ղեկավարի անգործության մասին: Բանն այն է, որ Պորոշենկոն պետք է իրականացներ իր պարտականությունը և հայցվորին դատավորի պաշտոնում նշանակելու մասին հրաման արձակեր, ինչը չի արել:
«Հայցվորն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Ուկրաինայի նախագահը 2019թ.-ի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, դատավորների կարգավիճակի մասին օրենքի համաձայն, իրեն դատավորի պաշտոնում նշանակելու հրաման չի տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայցվորի խոսքով՝ ինքն այդ պատճառով զրկվել է աշխատանքի իրավունքից և տարիների ծառայության դիմաց վճարից: