Ապե՛ր, հլը դուրս արի. միջադեպ «Իմ քայլի» եւ «ԲՀԿ»-ի ավագանու անդամների միջեւ (տեսանյութեր)
Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում մթնոլորտն այսօր բավականին լարված է: Քիչ առաջ էլ միջադեպ տեղի ունեցավ «ԲՀԿ» խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանի եւ «Իմ քայլից» Վազգեն Դարբինյանի միջեւ: Վերջինս նիստի ընթացքում ինչ-որ բան էր ասում Ներսիսյանին, ինչը հասկանալի չէր, բայց պարզ էր, որ կոնֆլիկտ են ունեցել: ԲՀԿ ֆրակցիայի ավագանու անդամը տեղից վեր կացավ՝ դուրս հրավիրելով Դարբինյանին: «Ապեր հլը դուրս արի»,- ասաց նա: Սակայն, մյուս ավագանու անդամը տեղից չշարժվեց:
Ներսիսյանի հետեւից դուրս եկան «ԲՀԿ»-ից ավագանու անդամները, նրանք չպատասխանեցին հարցերին, թե ի՞նչ էր տեղի ունեցել, ապա վերադարձան նիստերի դահլիճ:
Ավելի ուշ լրագրողները Արմեն Ներսիսյանից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ էր Դարբինյանին դուրս հրավիրում:
Նա նշեց, որ այդ ավագանու անդամն իրեն երկար էր նայում, դուրս էր հրավիրում տեսնելու՝ ինչո՞ւ:
Այնուհետեւ Ներսիսյանի խոսքը կտրեց այսօրվա նիստին մասնակցող ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, սակայն խոսեց լրիվ ուրիշ՝ աղբահանության թեմայից: Ասաց, որ այդ խնդիրն օրհասական է եւ պետք է լուծվի:
Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ խոսում էին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ասաց, որ բոլորին է հորդորում կոռեկտ լինել: