Համայնքային տուրքերը բարձրացրիք, բայց 50 մլն դրամով քիչ եք հավաքագրել, հետո էլ ամոթալի որոշում եք կայացրել, պարոն քաղաքապետ
«6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության խնդրի լուծման հարցում դուք ձախողել եք»,-Երևանի ավագանու նիստում իր ելույթում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով քաղաքային իշխանություններին:
«Դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին: Կառավարության նիստում 40 րոպե քննարկվում էր մի հարց, որը լրիվ համայնքային իշխանության տիրույթում է: Քաղաքը կենդանի օրգանիզմ է, պահանջում է հրատապ, օպերատիվ լուծումներ և եթե 6 ամսի անց մենք նոր մեկնարկ ենք տալիս այդ լուծմանը, նշանակում է մենք խնդիր ունենք այդ տրամաբանության հետ»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները ձախողվել են նաև համայնքային տուրքերի դրույքաչափերի հավաքագրման հարցում:
«Մի շարք համայնքային տուրքերի դրույքաչափեր մի քանի ամիս առաջ բարձրացվեցին, որին մենք դեմ էինք: Սա այն հիմնավորմամբ էր, որ պետք է մեծացվեն բյուջետային մուտքերը, որպեսզի նաև քաղաքի հնարավորությունները մեծանան: Տեղեկացնում եմ ձեզ, որ քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտներն առաջին եռամսյակի համար: Առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 50 մլն դրամ պակաս՝ նախորդ տարվա համեմատ»,- նշեց նա:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ մարտի 29-ին քաղաքապետը կայացրել է որոշում՝ ակնկալվող դրամական մուտքը 145 մլն դրամով նվազեցնելու վերաբերյալ:
«Տեսել եք, որ թերհավաքագրում է տեղի ունեցել, նման ամոթալի որոշում եք կայացրել, որպեսզի վերջում ասեք՝ մենք 100 տոկոսով կատարել ենք հավաքագրումը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա՝ այս թերհավաքագրումը քաղաքի համար խնդիրներ է առաջացնելու, չեն լուծվելու մի շարք խնդիրներ:
Դավիթ Խաժակյանի ելույթին արձագանքելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը միայն ասաց. «Ես ձեզ հետ համաձայն չեմ, անցնենք առաջ»: