Քենսինգթոնյան պալատն արքայազն Լուիի 1-ամյակի կապակցությամբ հրապարակել է նրա նոր լուսանկարները
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ արքայազն Լուին, ապրիլի 23-ին նշում է ծննդյան 1-ամյակը, ինչի կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է փոքրիկի նոր լուսանկարները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ փոքրիկն իր խոշոր աչքերն ու ժպիտը ժառանգել է մայրիկից՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնից: Առհասարակ, համեմատելով Լուիի և նրա մոր՝ նույն տարիքում արված լուսանկարները, նրանց արտաքին նմանությունն ակնհայտ է դառնում:
Հայտնի է, որ լուսանկարների հեղինակը դքսուհին է, որը նաև հմուտ լուսանկարչուհի է և իր երեք երեխաների պաշտոնական լուսանկարների մեծ մասի հեղինակը:
Արքայազն Լուին
Քեմբրիջի դքսուհին 1 տարեկանում
Ուշագրավ կադրերն արվել են Քեմբրիջների նորֆոլքյան տանը՝ այս ամսվա սկզբին: Դրանցում փոքրիկ արքայազնը ներկայացված է բնական միջավայրում, ուրախ ժպտում է:
Պարբերականը հիշեցնում է, որ բրիտանական գահի ժառանգորդների թվում պապիկից, հորից, ավագ եղբորից և քրոջից հետո հինգերորդը համարվող արքայազն Լուիի վերջին լուսանկարը հրապարակվել էր Սուրբ Ծննդին, երբ նա դեռ գրկի երեխա էր:
Ավելի վաղ Քեմբրիջի դքսուհին պատմել էր, որ իր կրտսեր որդին շատ ակտիվ երեխա է, որն իր մանկական քայլակով ամեն ինչ տակնուվրա է անում:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արքայազնի ծննդյան օրը նշելու են նեղ կազմով՝ Քենսինգթոնյան պալատում: