ԱՄՆ-ն և Հնդկաստանը Շրի Լանկային մի քանի անգամ զգուշացրել են սպասվող ահաբեկչության մասին
ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետախուզական կազմակերպությունները Շրի Լանկային զգուշացրել են սպասվող ահաբեկչության մասին: CNN-ը փոխանցում է Շրի Լանկայի առողջապահության նախարար և կառավարության ներկայացուցիչ Ռաջիթա Սեներատնեի խոսքերը:
Վերջինս նշել է, որ ապրիլի 4-ին հատուկ ծառայություններն ստացել են առաջին նախազգուշացումը: 5 օր անց կառավարության անվտանգության ուժերին հաշվետվություն է ներկայացվել ոչ միայն խմբավորումների, այլև կոնկրետ կասկածյալների մասին: ԱՄՆ-ի և Հնդկաստանի հատուկ ծառայությունները մի քանի անգամ կրկնել են իրենց նախազգուշացումները, որից վերջինը եղել է առաջին պայթյունից 10 րոպե առաջ` ապրիլի 21-ին:
Հիշեցնենք, որ անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ 8 պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին 6-ը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: 7-րդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ 8-րդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները:
Վերջին տեղեկությունների համաձայն` զոհվել է 290 մարդ, ավելի 450-ը վիրավորվել են: Զոհվածներից 35-ն օտարերկրացիներ են: Ահաբեկչության համար մեղադրվում է իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորումը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել: Իշխանությունների խոսքով՝ խմբավորումն աջակցություն է ստացել միջազգային ահաբեկչական խմբավորումներից: