Բելառուսը դադարեցրել է ռուսական նավթամթերքի արտահանումը
Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել է բենզինի և դիզելային վառելիքի՝ բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը: Այս մասին գրում է meduza.io-ն՝ Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբին հղումով:
Գրիբի խոսքով՝ Բելառուսից մուգ գույնի նավթամթերքի արտահանումն ամբողջական ծավալով պահպանվել է՝ ներքին շուկայում դրա սպառման բացակայության պատճառով:
Ավելի վաղ բելառուսական ընկերությունները հայտնել են Ռուսաստանից եկող նավթի որակի կտրուկ վատթարացման մասին, մասնավորապես՝ Մոզիրի նավթավերամշակման գործարանը հայտարարել էր, որ անորակ հումքի պատճառով գործարանի թանկարժեք սարքավորումը շարքից դուրս է եկել:
Ապրիլի 22-ին Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը խոստացել է բարելավել Բելառուսին մատակարարվող նավթի որակը: