Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ
Հայաստանը ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր է կնքել է 13 երկրի՝ Լատվիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Չեխիայի հանրապետությունների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի թագավորությունների, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի, Բենիլյուքսի պետությունների, Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) և վերաինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:
«Եվրոպական Միությունը նախկին ԽՍՀՄ երկրների հետ կնքել է 17 ռեադմիսիոն համաձայնագիր: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում 14-րդ և 15-րդ հոդվածները վերաբերում են միգրացիային, մարդկանց տեղաշարժին: Կարծում եմ, որ Հայաստանի կողմից պարտականությունների հավուր պատշաճի կատարելու դեպքում առաջիկայում հնարավոր է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշեց Չոբանյանը:
Նրա խոսքով՝ ռեադմիսիոն համաձայնագրերը մի քանի նպատակ ունեն՝ հեշտացնել երկրի տարածքում օրինական գտնվելու հիմքեր չունեցող անձանց իրենց ծագման կամ իրենց վերջին բնակության երկիր վերադարձը, լուծել վերադարձի գործընթացում պետությունների առջև ծագող հիմնախնդիրները, կազմակերպել վերադարձի արդյունավետ գործընթացը և կանխարգելել տվյալ ոլորտում հիմնախնդիրների առաջացումը: