Պատգամավորը փոխնախարարին մերսման սրահ «ուղարկեց»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, նշեց՝ «մերսման սրահներ» անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:
«Թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը, անկանոն աշխատանքային գրաֆիկը, այս երկուսի համադրությամբ կարող ենք մերսման սրահները մեծ մասամբ բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ, որ ձեր կառույցը այս երևույթն ուսումնասիրի ու արգելվող երևույթների մեջ նաև մերսման սրահները նշի, հնարավորինս արագ փակի այդ օջախները»,- ասաց նա:
Գասպարյանը նշեց՝ երկու գործընթաց կա՝ աջակցության ու պաշտպանության. աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ պաշտպանությունը՝ Ոստիկանությունը:
«2018թ. 9 քրգործ է հարուցվել, երկուսը կարճվել է, մեկը՝ վերաորակավորվել, մնացած վեցից միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց՝ աջակցության առումով միշտ պատրաստ են աջակցել, իսկ քրգործերի ու վարույթ ընդունելու հարցերն ավելի շատ Ոստիկանությանն են վերաբերում:
«Ես չեմ ասում, որ ուղղորդեք: Ուսումնասիրե´ք, ներկայացրե´ք ԱԺ-ին: Ճիշտ կլինի՝ ներկայացնեք երևույթները, թե չէ ո՞վ պիտի զբաղվի դրանով, ձեզնից լավ գիտեմ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
«Ուրախ եմ»,- արձագանքեց Գասպարյանը: