Թրամփը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է շարունակել պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն ընտրություններում հաղթանակի առիթով, ինչպես նաեւ ուկրաինացի ժողովրդին ազնիվ եւ ժողովրդավարական ընտրությունների համար: Այս մասին Twiitter-ում հայտնել է ԱՄՆ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, փոխանցում է 112.ua-ն:
«Մենք այսուհետեւ եւս կսատարենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման եւ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զելենսկուն արդեն հասցրել են շնորհավորել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Քաղաքացիները ընտրություն էին կատարում Վլադիմիր Զելենսկու եւ Պյոտր Պորոշենկոյի միջեւ: