Brexit-ի հետաձգումը 21 մլն եվրո կարժենա եվրոպացիների համար
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգումը նշանակալի ծախսերի առաջ կկանգնեցնի Եվրախորհրդարանին: Ինչպես հայտնում է DW.com-ը, եթե բրիտանացի պատգամավորները ԵՄ խորհրդարանի մայիսյան ընտրություններից հետո մնան խորհրդարանի կազմում, նրանց հարկ կլինի աշխատավարձ վճարել, ինչը նշանակում է 21 մլն եվրոյի չափով հավելյալ գումարի դուրս գրում:
Միևնույն ժամանակ, բրիտանացի պատգամավորների համար արվող տարեկան ծախսերը կազմում են 36 մլն եվրո, ինչպես հայտնել է եվրախորհրդարանական Ինգեբորգ Գրեսլեն:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտնել էր, որ Brexit-ի հետաձգման դեպքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն իրավունք են ստանում մասնակցելու Եվրախորդարանի հերթական ընտրություններին: Իսկ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 23-26-ը:
Հիշեցնենք, որ ԵՄ 27 անդամ երկիր ապրիլին կայացած արտահերթ գագաթնաժողում որոշել է Լոնդոնին Brexit-ը մինչև հոկտեմբերի 31-ը հետաձգելու հնարավորություն տալ: