Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ. Սաակաշվիլին՝ Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճի մասին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևում նախագահի թեկնածուների միջև տեղի ունեցած բանավեճի ընթացքում Պյոտր Պորոշենկոն իր մրցակից, շոումեն Վլադիմիր Զելենսկիի համեմատ «խղճուկ» տեսք ուներ:
«Ես չեմ ուզում ասել, որ Զելենսկին հաղթեց բանավեճը, բայց կարծում եմ, որ Պորոշենկոն պարտվեց, նա խայտառակեց իրեն»,- նշել է Սաակաշվիլին «Макси-ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է Life.ru-ն:
Նա ասել է, որ Զելենսկիի կողմնակիցները լավ գիտեն Ուկրաինայի գործող նախագահին և թե ինչպես է Պորոշենկոն իրեն համեմատում հայտնի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի հետ:
«Չերչիլը, հավանաբար, շուռ է գալիս դագաղում»,- նշել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահն ավելացրել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Պորոշենկոն կփորձի «քաոս ստեղծել» երկրում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կհամագործակցի Վլադիմիր Զելենսկիի հետ, եթե վերջինս իրեն պաշտոն առաջարկի, Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինային:
«Անպայման գալու եմ Կիև, որը ես իմ տունն եմ համարում: Ուզում եմ օգնել Ուկրաինային ոտքի կանգնել»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում Ուկրաինայի գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի է ունեցել բանավեճ, որին ներկա է եղել 22 հազար մարդ:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին: