ԵԱՏՄ-ն գոյության 5 տարում ապացուցել է իր կայունությունն ու ամրապնդել դիրքերը. Լավրով
Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից ի վեր ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրումը լավ հեռանկարներ ունի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համագործակցության և ներդրումների հարցերով միջազգային խորհրդի անդամների հետ հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան: Այս տարի լրանում է ԵԱՏՄ ստեղծման հինգ տարին, այս տարիներին կառույցն ամրապնդել է իր դիրքերը. միության երկրների համընդհանուր ՀՆԱ-ն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առևտրի ծավալ՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով մոտ 120 մլրդ դոլարի», - ասել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է ապրանքների, ծառայությունների և կապիտալների ընդհանուր շուկա:
Լավրովը նշել է, որ աշխատանք է տարվում ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման վերաբերյալ:
«Ռուսաստանը խրախուսում է ԵԱՏՄ մասնակիցների հարաբերությունների զարգացումը ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն), ՀԱԱՊԱ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) անդամների և այլ երկրների հետ, որոնք միավորված են եվրասիական մայրցամաքով: ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ, ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ, բանակցություններ են վարվում Իսրայելի և Սերբիայի հետ», - հավելել է Լավրովը: