Իտալիայում առաջարկել են կանանց և տղամարդկանց համար առանձին հեռուստաալիքներ ստեղծել
Իտալիայի Rai հանրային հեռարձակողը բուռն քննադատության թիրախում է հայտնվել, երբ առաջարկել է կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին հեռուստաալիքներ ստեղծել:
Ինչպես նշում է The Guardian-ը, հանրային հեռարձակողը մտադիր է տարբեր սեռերի ներկայացուցիչների համար թիրախային ալիքներ ստեղծել, ինչին, սակայն, դեմ են գենդերային հավասարության գաղափարի կողմնակիցները, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը, ինչպես նաև որոշ օրենսդիրներ:
«Անկեղծ ասած՝ սա ուղղակի անհասկանալի է: Մինչ փորձում ենք հաղթահարել գենդերային խտրականությունը, ունենք հանրային հեռուստատեսություն, որը ցանկանում է առանձնացնել կին և տղամարդ հեռուստադիտողներին»,-նշել է սենատոր Սալվատորե Մարիոտան:
Ֆեմինիստների կարծիքով՝ այս առաջարկը «ծիծաղելի է և սեքսիստական» ու ամրապնդում է կանանց և տղամարդկանց միջև գենդերային խտրականության վերաբերյալ նախապաշարմունքները:
Իտալիայի լրագրողների միությունն իր տարածած հայտարարությունում նշել է, որ գենդերային պատկանելիության հիմքով տարանջատումն անընդունելի է ու տանում է դեպի վատագույն կարծրատիպեր: